Դանիացիների նոր գյուտի շնորհիվ գաջեթները հնարավոր կլինի կառավարել բացառապես աչքերով (տեսանյութ)
Դանիացի գիտնականները վերջերս մի ուշագրավ գյուտ են արել, որը հնարավորություն է տալիս կառավարել տարբեր տեսակի գաջեթները՝ բջջային հեռախոսներ, պլանշետային համակարգիչներ, e-book-եր ու iPod- ներ, միանգամայն նոր, հեղափոխական տարբերակով, գրում է Daily Mail-ը։
Գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր ծրագրակազմ (software), որի օգնությամբ կարելի է սարքերը կառավարել բացառապես աչքերի շարժումների միջոցով։
«The Eye Tribe ծրագրակազմը կիրառելու դեպքում հնարավոր կլինի շատ բաներ անել աչքերով ՝շրջել գրքի էջը, խաղ խաղալ և այլն»,- ասել է ծրագրակազմի ստեղծողներից Սուն Ալստրուպ Յոհանսենը։
Նա կարծիք է հայտնել, որ այս հայտնագործությունն արմատական փոփոխություններ կմտցնի տեխնոլոգիաների ոլորտում։ «Բացի այդ, The Eye Tribe ծրագրակազմն անչափ օգտակար կլինի հաշմանդամների համար, ովքեր ևս կկարողանան օգտվել սարքերից»,- հավելել է Յոհանսենը։
The Eye Tribe-ը գաջեթներում հնարավոր կլինի կիրառել հաջորդ տարվանից։
Այն հայտնագործած 4 գիտնականները 800 հազար դոլար պարգևավճար են ստացել իրենց գյուտի համար։










