Կալիֆոռնիայում ստեղծվում է առաջին գերձայնային ինքնաթիռը, որը կօգտագործվի կոմերցիոն նպատակով

10:16 • 26.10.12

Կալիֆոռնիական XCOR ընկերությունը մոտ ժամանակում պատրաստվում է էապես կրճատել օդային ճանապարհորդությունների վրա ուղևորների ծախսած ժամանակը՝ այդ նպատակով աշխատելով նոր գերձանային ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ, որն ունակ է 3.5 անգամ գերազանցել ձայնի արագությունը, հայտնում է Yahoo News-ը։

 

Lynx կոչվող երկտեղանոց ինքնաթիռը, ըստ նախնական հաշվարկների, կկարողանա Երկրի մակերևույթից 62 մղոն (100 կմ) վեր բարձրանալ և 1 ժամում մոտ 2 500 մղոն (4 023 կմ) հաղթահարել։

 

«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա խոստանում եմ, որ դրանով կատարված թռիչքներն ուղղակի անմոռանալի կլինեն»,-նշել է XCOR գլխավոր օպերացիոն տնօրեն Էնդրյու Նելսոնը։

 

Բացի այդ, նա պատմել է, որ արդեն նախապես 225 տոմս է վաճառել այն մարդկանց, ովքեր ցանկանում են թռչել նոր, գերձայնային ինքնաթիռով։ Նելսոնի խոսքով՝ պատվիրատուների թվում են և՛ անհատական թռիչքներ իրականացնել ցանկացողները, և՛ գիտական նպատակով Lynx-ով ճամփորդել պատրաստվողները։

 

Նա նաև վստահություն է հայտնել, որ 10 տարի հետո այս ինքնաթիռի օրինակով բազմաթիվ այլ փոխադրամիջոցներ կստեղծվեն, որոնք  հեշտությամբ և շատ արագ տիեզերագնացներին կտեղափոխեն Միջազգային տիեզերակայան, և այս գործում հրթիռների օգտագործումն այլևս անհրաժեշտ չի լինի։
 

Կալիֆոռնիայում ստեղծվում է առաջին գերձայնային ինքնաթիռը, որը կօգտագործվի կոմերցիոն նպատակով