«ՏաԹևեր» ճոպանուղին անջատվել էր կայծակից. բոլոր 41 ուղևորներն արդեն տարհանված են
«ՏաԹևեր» ճոպանուղու հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է այսօր ճոպանուղու խափանման պատճառը եղել է կայծակը և որ բոլոր ուղևորներն արդեն տարհանվել են։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
««ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծակի արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը:
«ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:
Այսօր դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները:
ԱԻՆ աշխատակիցների և ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը
նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն: Այդ են վկայում տարհանված ուղևորների գոհունակության խոսքերը:
Օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, ինչպես պահանջում է կարգը, տեղում են եղել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:
«ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից:
Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:
Այս միջադեպը և տարհանված ուղևորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը և աշխատակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին:
«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարարների արագ արձագանքի և օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչպես նաև ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցներին»:










