Պետությունը տալիս է այնքան, որ աղքատ ազգականի կարգավիճակում չլինենք. գիտնական
Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը դժգոհ չէ պետբյուջեից ինստիտուտի թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված միջոցներից։
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ 2007 թվականից սկսած ինստիտուտը կարողանում է պետական բյուջեից ուղղվող թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացնել դաշտային գիտահետազոտական աշխատանքների գրեթե ողջ ծավալը. հնագիտական և բնագիտական արշավախմբերի և ազգագրական–հավաքչական գիտարշավների կազմակերպում:
Մասնավորապես, այս տարի դաշտային հետազոտական աշխատանքներ իրականացնելու թույլտվությամբ 37 բաց թերթիկներից միայն 4 է, որ չեն իրականացվում ինստիտուտի բյուջեով:
Վերջինիս խոսքով՝ թյուր է այն կարծիքը, որ ինստիտուտն ավելի շատ գրանտային ծրագրերով է ֆինանսավորում թեմատիկ աշխատանքները:
«Այս գումարների շրջանակում մենք կարողանում ենք, այսպես կոչված, աղքատ ազգականի դերում հանդես չգալ: Ինչ վերաբերում է գրանտային ծրագրերին, ապա գործնականում մենք ունենք միայն տարբեր երկրների գիտական կենտրոնների հետ համաֆինանսավորմամբ և այդ գումարների բացարձակ մեծամասնությունը գնում է արտերկրում անալիզներ անելու համար»,- ասաց Պավել Ավետիսյանը:
Վերջինիս խոսքով՝ սա այն դեպքում, երբ իրենց ոլորտը ամենածախսատարներից է որպես թանկ արժեցող և «անկուշտ» ոլորտ (ինչքան տան, այնքան կվերցնի) , քանի որ դաշտում արշավախմբերի կազմակերպման, վառելիքի ու տարբեր նյութերի համար ծախսերից հետո ինստիտուտ է գնում ահռելի քանակությամբ նյութ՝ պեղումների գտածոներ, որոնք հետագայում պետք է մշակվեն և ուսումնասիրվեն, որից հետո միայն դառնան հրատարակման ու թանգարանացման ենթակա: Այսինքն՝ ենթարկվի ռեստավրացիայի, լաբորատոր անալիզների, որոնցից մի մասն արվում է նաև դրսում:
2012 թվականի ընթացքում ինստիտուտին բյուջետային հատկացումները կազմել են 270 միլիոն դրամ, որոնցից 120-130 մլն–ը՝ ծախսվել է դաշտային աշխատանքների համար:
«Պեղումները այդքան մեծ բան չեն. մենք նույն հուշարձանը տարիներ շարունակ պեղում ենք, աստիճանաբար կամ մակերեսն ենք ավելացնում կամ խորանում ենք, որպեսզի ավելի հին շերտեր ի հայտ բերենք»,- մանրամասնեց Պավել Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիների պետբյուջեներով և նաև գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթով՝ Հայաստանում գիտության բնագավառի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մոտ 1 տոկոսը: Հայտարարվեց նաև, որ 2013-ով պետական բյուջեի եկամուտներն ավելանալու են 13,2-ով, իսկ գիտության ոլորտի ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 11 տոկոսով:
Պավել Ավետիսյանը չթաքցրեց, որ այլ բան է աշխատակիցների աշխատավարձը: Միայն նշենք, որ առաջատար մասնագետներն ու բաժնի պետերը ստանում են 60-70 հազար դրամ աշխատավարձ՝ չհաշված այն 10 կամ 20 հազար հավելավճարները, որոնք ստանում են ԿԳՆ-ից որպես գիտությունների թեկնածուներ և դոկտորներ:










