Քաղցկեղի դեմ պայքարի պահանջը մեկն է՝ տարին մեկ անգամ այցելել բժշկի. բժշկական կենտրոնի տնօրեն
Քաղցկեղ հայտնաբերվելու դեպքում իրավունք չունենք այն որպես դատավճիռ ընդունել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա՝ այս հիվանդության դեմ պայքարի պահանջը մեկն է՝ տարին մեկ անգամ այցելել բժշկի՝ մանավանդ, որ պահանջվելիք գումարն էլ մեծ չէ:
«Ովքեր չեն գալիս նման պրոֆիլակտիկ ստուգման՝ ոչ թե թանկ է, այդ պատճառով, այլ առաջին հերթին վախենում են, թե իրենց մոտ կհայտնաբերվի: Երկրորդ պատճառը նոր գումարայինն է, որն անընդունելի է, քանի որ տարին մեկ անգամ է պահանջվում ստուգվել և եթե ուզում ես առողջ ապրել, դրա համար ընդամենը 15 000 դրամ է անհրաժեշտ՝ թվայնացված մամոգրաֆիա անցնելու համար և եթե կարիք լինի՝ ևս 5 000 դրամ սոնոգրաֆիայի համար: Տարին մեկ անգամ դժվար չէ այդքան գումար հավաքել»,- ասաց նա:
Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ այցելուների 30%-ն իրենց կենտրոն է դիմում առանց ախտանիշի: «Մեր կենտրոնի թվերով 300 հազար այցելու ունենք, որոնցից 3000-ը միայն եկել են պրոֆիլակտիկ զննության: Այցելուների 160 հազարը միայն կրծքագեղձի հետազոտման խնդիրներով են, որոնցից 8000-ի մոտ հայտնաբերվել է այդ հիվանդությունը»,- ասաց նա: Վաղ հայտնաբերման փուլում, քաղցկեղը՝ որ բրնձի հատիկի չափ է, ըստ Խաչանուշ Հակոբյանի, կենտրոնում առկա լավագույն տեխնիկայի միջոցով կարող են արագ հեռացնել:
Քաղցկեղի դեմ պայքարի միակ միջոցն, ըստ նրա, կանխարգելումն է, իսկ դա նշանակում է գնալ բժշկի՝ նույնիսկ, եթե առողջ եք:
Կենտրոնի տնօրենը նկատում է, որ մեր հասարակությունն ավելի ուշադիր է դարձել իր առողջության պահպանման նկատմամբ, և, նրա խոսքով, եթե 12 տարի առաջ օրական 32 հոգի էին այցելում բուժզննման, ապա այսօր նրանց թիվը հասնում է շուրջ 120-ի:
Խաչանուշ Հակոբյանը ցավով է նկատում, որ հիվանդությունը բավականաչափ երիտասարդացել է: «0-29 տարեկանների մեջ կրծքի քաղցկեղի 62 դեպք ունենք»,- ասաց նա և ավելացրեց, որ խոցելի են հատկապես 40-50 տարեկան կանայք:
Ի դեպ, նա նշեց, որ կենտրոն դիմում են նաև տղամարդիկ։ Այս տարի 631 տղամարդ է դիմել, որոնցից 23-ի մոտ կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել: «Եթե կրծքում ինչ-որ գոյացություն է նկատվում, ապա, անպայման, պետք է դիմել»,- զգուշացրեց նա:
Մարզերում վիճակը, ըստ կենտրոնի տնօրենի, շատ ավելի վատ է: «Մենք հաճախ ենք գնում մարզեր՝ ամիսը 4 անգամ, ինչը թե՛ ֆինանսապես և թե՛ ֆիզիկապես ծանր է մեզ համար: Ցավոք, մարզերում ունենք տխուր վիճակագրություն, քանի որ գյուղում կանայք ավելի ծանր վիճակում են. իրենց ուսերին է տունը, դաստիարակությունը, քանի որ ամուսինները արտագնա աշխատանքի են գնում ավելի շատ, իսկ, ինչպես գիտենք, հիվանդության առաջին գործոնը դա գենետիկ ժառանգական ֆակտորն է, և երկրորդ տեղում են սթրեսները: Իսկ այս կանայք ամեն օր են սթրեսներ տանում»,- ասաց նա:
Խաչանուշ Հակոբյանը կենտրոնի ամենամեծ ձեռքբերումն է համարում այն 3 860 կանանց կյանքը, որոնց մոտ վաղ շրջանում քաղցկեղ են հայտնաբերել և փրկել:










