Տեղի է ունեցել «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը
Ամեն ինչ կարվի, որ «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը» հասանելի լինի հայ հասարակությանը, այսօր կենտրոնի հիմնարկեքի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Բաքրջյանը:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ:
Շարունակելով լրագրողների հետ զրույցը Հայկ Բաքրջյանը նշեց, որ Աջափնյակում կառուցվող կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ ժամանակակից, վերջին տեխնոլոգիաներով զինված սարքերի միջոցով դեղեր են արտադրվելու:
«Կկարողանանք կենտրոնի ժամանակակից սարքերը գործածել նոր դեղեր արտադրելու համար: Սարքերը լինելու են ամենավերջինը, ամեն տեղ էլ սրանք գագաթնակետն են»,- ասաց նա:
Հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ Արա Դարզինը նշեց, որ կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև վերջին երկու տասնամյակներին մեծ առաջընթաց է գրանցվել քաղցկեղի բուժման ասպարեզում՝ հենց ճառագայթային մեթոդի միջոցով:
«Կենտրոնը հնարավորություն կտա ավելի վաղ ախտորոշում անել և ավելի ճշգրիտ որոշել ինչ տիպի ուռուցքի հետ գործ ունենք: Ուստի ավելի ճշգրիտ ու տեղին բուժում կնշանակվի: Խոսքը ոչ միայն քաղցկեղին է վերաբերում, այլ նաև այլ հիվանդությունների: Կենտրոնը խթան կհանդիսանա ոչ միայն ազգի առողջության, այլ նաև տնտեսության աճի առումով»,- ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին նշեց, որ կենտրոնն իր տեխնոլոգիաներով առանձնանում է մյուս բոլոր ծրագրերից:
«Առաջիկայում ունենալու ենք մի կենտրոն, որը կմատուցի ծառայություններ միջազգային ստանդարտներին համապատասխան: Սա փայլուն օրինակ է համագործակցության՝ պետության, մասնավորի ու միջազգային ընկերությունների միջև»,- ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրը կարևոր է ոչ միայն գիտության, այլ նաև տնտեսության համար:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ ընդգծեց, որ մեր օրերում ուռուցքային հիվանդությունները լուրջ մարտահրավերներ են, և դրանք ի հայտ են գալիս հաշվի չառնելով երկրի զարգացվածությունը, մարդու սոցիալական վիճակը:
«Մեր երկրում գրանցվել է այս հիվանդությունների զգալի աճի: Դրա հիմնական պատճառները ոչ բավարար տեխնիկական հագեցվածությունն է, մասնագետների սակավությունը և այն: Նման գերժամանակակից տեխնիկական զարգացվածության շնորհիվ ձեռքբերումներ կան ամբողջ աշխարհում, բայց մեր երկրում դեռևս չէր հաջողվել ներդնել նման տեխնոլոգիա: Այսօր սկիզբ է դրվում ամենաարդիական ծրագրի, որը մեծ ներդրում կունենա բուժման տեսանկյունից»,- ասաց նա:
Նշենք, որ կենտրոնի առաջնային խնդիրն է բավարարել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման պահանջարկը Հայաստանում:
Ծրագիրն իրականացվելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ բուժման բարձրակարգ ծառայությունների մատուցմամբ:










