Գիտնականները պարզել են խոզապուխտով և պանրով սենդվիչի «թաքնված» վտանգը
Առավոտյան նախաճաշի ժամանակ կերած խոզապուխտով ու պանրով ընդամենը մեկ սենդվիչը զգալի դժվարեցնում է արյունատար անոթների աշխատանքը և կարող է հանգեցնել աթերոսկլերոզի առաջացման։ Նման եզրահանգման է եկել կանադական Կալգարի համալսարանի գիտնականների խումբը, հայտնում է РИА-Новости-ն։
Մասնագետները՝ գիտնական Վինսենթ Լիի ղեկավարությամբ, հետազոտել են ճարպերով հարուստ սենդվիչների ազդեցությունը չխծող և առողջ կամավոր ուսանողների առողջության վրա։
Սենդվիչների բաղադրության մեջ մտնող ճարպերը տասնամյակներ շարունակ կուտակվում են արյունատար անոթներում՝ խոչընդոտելով արյան շրջանառությանը, ինչն էլ զգալի վատացնում է մարդու ինքնազգացողությունը։
Հետազոտության շրջանակներում գիտնականները փորձել են պարզել բարձր կալորիականությամբ սենդվիչի ազդեցությունն ինչպես փոքր մազանոթների, այնպես էլ ընդհանուր արյունատար համակարգի վրա։
Այդ նպատակով ուսանողների առողջական վիճակն ուսումնասիրվել է օրական 2 անգամ՝ նախաճաշելուց և 50գ ճարպ պարունակող 2 սենդվիչ ուտելուց հետո։ Պարզվել է՝ սենդվիչներ ուտելուց հետո արյունատար համակարգով անցնող արյան չափը կրճատվել է 15-20 %-ով։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սխալ սննդակարգն էական դերակատարություն ունի սրտանոթային հիվանդությունների առաջացման հարցում։
Սակայն դա չի նշանակում, որ սենդվիչներ ուտելուց պետք է ընդհանրապես հրաժարվել, պարզապես հարկավոր է դրանք հնարավորինս քիչ քանակությամբ օգտագործել, որպեսզի արյունատար անոթների պատերի վրա ճարպեր չկուտակվեն։










