Bugatti-ն մտադիր է թողարկել 1600 ձիաուժանոց Veyron, որը մոտ 1,6 վայրկյանում 100կմ/ժ արագության կհասնի (լուսանկարներ)
Bugatti ընկերությունը, որը մտնում է Volkswagen կոնցեռնի մեջ, մտադրվել է ամրապնդել ամենաարագ ճանապարհային ավտոմեքենա արտադրողի կոչումը: Այդ նպատակով ընկերությունը կարող է թողարկել Veyron-ի հերթական մոդիֆիկացիան, որը 1600 ձիաուժ հզորություն կստանա, հաղորդում է Automobile Magazine-ը:
Ըստ պարբերականի, Ֆրանկֆուրտի մոտակա ավտոսրահի ժամանակ ավտոարտադրողը կներկայացնի ներկա կուպեի ամենահզոր տարբերակը, որի աշխատանքային անվանումը Veyron Super է:
Ըստ տեղեկությունների, այն կհամալրվի լավ հայտնի 8 լիտր աշխատանքային ծավալով W16 շարժիչի հզորացված տարբերակով, որից ինժեներները մտադիր են 1600 ձիաուժ «քամել»:
Բնականաբար, նման հզորությունը Veyron Super-ին կվերածի մոլորակի ամենահզոր սերիական արտադրվող ճանապարհային ավտոմեքենայի:
Նախնական հաշվարկներով, 0-ից 100 կմ/ժ արագացման համար հիպերմեքենայից կպահանջվի 1,6-ից 1,8 վայրկյան ժամանակ, իսկ մեքենայի առավելագույն արագությունը պետք է կազմի խելահեղ 463 կմ/ժ:
Նշվում է, որ կոմպոզիտային նյութերի լայն կիրառման շնորհիվ Veyron Super-ը կարող է 250 կիլոգրամով ավելի թեթև դառնալ, քան ներկայի ամենաարագ մեքենան`431 կմ/ժ արագության հասնող Veyron Super Sport-ը: Սա նշանակում է, որ մեքենայի մեկ կիլոգրամ քաշին բաժին կհասնի ուղիղ մեկ ձիաուժ հզորություն:
Նորույթի կանխատեսվող գինը մոտ 2.5 մլն դոլար է կազմում:










