Վաճառքի են հանվել համակարգչային էկրանի գործառույթներ կատարող լեռնադահուկային ակնոցներ

11:21 • 01.11.12

Մեծ Բրիտանիայում վաճառքի են հանվել լեռնադահուկային ակնոցներ, որոնց ապակիները համակարգչային էկրանի գործառույթներ են կատարում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները,  ակնոցները տեխնոլոգիաների «խաղաղ» կիրառման առաջին օրինակն են. տեխնոլոգիաները մինչ այժմ օգտագործվել են ռազմական ավիացիայի օդաչուների համար սաղավարտների պատրաստման մեջ։


Ակնոցներն աշխատում են հատուկ ծրագրի շնորհիվ, որը ներբեռնվում է սմարթֆոնում։ Հեռախոսից փոխանցվող տվյալները հայտնվում են ակնոցների անկյունում տեղադրված փոքր էկրանին։ Ընդ որում՝ ստացվում է այնպիսի արդյունք, ինչպես կլիներ, եթե ակնոցներ կրողը դա տեսներ  2 մետր հեռավորության վրա տեղադրված 14 դյույմանոց էկրանի վրա։


Դնելով ակնոցները՝ դահուկորդը կարող է ստանալ տարատեսակ տեղեկատվություն իր դիրքի, գտնվելու վայրի մասին, թե ծովի մակարդակից որքան բարձրության վրա է գտնվում, որքան արագությամբ է սահում։ Նա կարող է նաև հսկել մոտակայքում սահող իր ընկերներին։


Բացի «մարզական տվյալներից», էկրանին հայտնվում է նաև լրացուցիչ տեղեկություն՝ երգերի անվանումներ, այն բաժանորդների անունները, ովքեր զանգահարում են, ինչպես նաև տեքստային հաղորդագրություններ և նամակներ։


Ակնոցներն արժեն 800 դոլար։