Ներկայացվել է նոր՝ www.iyerevan.am կայքը

18:06 • 01.11.12

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի կայքը: 


Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ կայքի հեղինակները, ներկայացնելով այն, նշել են, որ առանձնացված տարբեր բաժիններով յուրաքանչյուր ոք, ցանկության դեպքում, կարող է իր մասնակցությունն ունենալ քաղաքապետարանի կողմից Երևանի բարեկարգման և արտաքին տեսքի ձևավորմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու քննարկմանը, բարձրացնել հարցեր՝ ներկայացնելով դրանց լուծման սեփական տարբերակը:


Առաջարկություններ անելու համար քաղաքացին պետք է գրանցվի համակարգում կամ օգտագործի Facebook սոցիալական ցանցի իր գրանցումը:


iyerevan.am-ում քաղաքացիները կարող են մասնակցել նաև քննարկումների, ծանոթանալ ընթացիկ և իրականացված ծրագրերին: Կայքի միջոցով նաև հայտարարվելու են բաց մրցույթներ:


«Նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել «Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգ»-ի մշակմանը և ներկայացնել առաջարկություններ:


Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և կյանքի կկոչվեն»,– նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը:


Բացի այդ, նախատեսվում է Երևան քաղաքի գովազդային հայեցակարգի մշակման և մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթներ։


Կայքը նաև հնարավորություն է ընձեռում տեղեկանալ քաղաքային տնտեսության բարելավմանը, կրթական, մշակութային, սոցիալական և այլ խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին և, նվիրատվությունների միջոցով, աջակցել դրանց իրագործմանը՝ սեփական ներդրումն ունենալով Երևանի համաչափ զարգացման գործում:
Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի համագործակցության հերթական արդյունքն է և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում:

 

 

Ներկայացվել է նոր՝ www.iyerevan.am կայքը