Ճապոնիայի հանրախանութներից մեկում բարետես անդրոիդ-աղջիկ է հայտնվել (տեսանյութ)
Ճապոնական Օսակա քաղաքի հանրախանութներից մեկում բարետես անդրոիդ-աղջիկ է հայտնվել, որը կարողանում է խոսել, բազմաթիվ էմոցիաներ արտահայտել և ունի դիմախաղ, հայտնում է РИА-Новости-ն։
Մինամի տյան անունով ռոբոտն իր արտասովոր ունակությունների շնորհիվ այս օրերին հայտնվել է հանրախանութի այցելուների և ճապոնական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Անդրոիդն արտաքուստ նման է սովորական, ժամանակակից, երիտասարդ ճապոնուհու, ով ունի 160 սմ հասակ և մուգ մազեր։
Մինամի տյանն աշխույժ զրուցում ու ծիծաղում է այցելուների հետ, իսկ յուրաքանչյուր ցանկացող կարող է մոտենալ նրան և ընտրել խոսակցության թեման։
Նրա կողքին նստած է ևս մի անդրոիդ, որը հանդիսանում է այն ստեղծողի՝ պրոֆեսոր Իսիգուրո Հիրոսիի կրկնօրինակը։ Տղամարդ-անդրոիդը ևս պարբերաբար տարբեր արտահայտություններ և մեկնաբանություններ է անում։
Իրականում Ճապոնիայում հսկայական ուշադրություն է դարձվում անդրոիդների և նմանատիպ այլ ռոբոտների ստեղծմանը։ Իսկ վերջերս հանրահայտ Toyota ընկերությունը ստեղծել էր մի ռոբոտ, որը կարող է հաշմանդամներին օգնել տան հետ կապված աշխատանքներում։










