Ճապոնացիների ստեղծած սարքը տեղաշարժում է իրերը մտքի ուժով
Ճապոնական ATR ընկերության մասնագետները հանրահայտ Կիոտոյի համալսարանում ստեղծել են մի սարք, որը տարբեր առարկաներ է տեղաշարժում՝ օգտագործելով միայն մտքի ուժը, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին։
Սարքն իրենից գլխարկ է ներկայացնում՝ համալրված տարբեր տեսակի լարերով ու զգայակներով (սենսոր), որոնք որսում են գլխուղեղի իմպուլսներն ու արյունատար համակարգի նույնիսկ ամենաչնչին տատանումները։
Փորձարկման ընթացքում տղամարդն առանց շարժվելու կարողացել է այնպես անել, որ հաշմանդամային սայլակն առանց որևէ օգնության ընթանա ճիշտ ուղղությամբ։ Բացի այդ, մտքի ուժով հնարավոր է դարձել մի կողմ քաշել վարագույրը, միացնել ու անջատել հեռուստացույցը կամ լույսը։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ միտքը կոնկրետ գործողության վերածելու համար պահանջվում է 6-12 վայրկյան։ Սակայն սարքը ստեղծողները հույս ունեն, որ 3 տարի անց այդ արագությունը կկազմի 1 վայրկյան։
ATR-ն մտադիր է մինչ 2020 թ.-ը սկսել այս սարքի լայնածավալ արտադրությունը, ինչն էապես կհեշտացնի մասնավորապես հաշմանդամների ու տարեցների կյանքը։










