Եթե չուժեղացնենք գիտությունը` կկորցնենք պետականությունը. գիտնական

17:58 • 03.11.12

Հայերը բազմիցս կորցրել են պետականությունը, որովհետև թուլացել են, իսկ չենք կարող ուժեղանալ, եթե չուժեղացնենք գիտությունը: Նման կարծիք այսօր հայտնեց 2013-ի պետական բյուջեից գիտությանը հատկացված (11 մլրդ 241.7 մլն դրամ) միջոցները անբավարար համարող ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:


«Գիտությունը հայտարարված է գերակա ճյուղ: Բնականաբար, հասկանալի է, որ ազգերի այն մրցակցումը, որը մենք թևակոխել ենք 21-րդ դարում և տարածաշրջանային ծանրագույն խաչմերուկը, որտեղ մենք գտնվում ենք առաջադրում են այնպիսի մարտահրավերներ, որոնց` երկարաժամկետ տեսակետից, երկար դիմակայել չենք կարող, քանի դեռ չենք զարգացրել մեր գիտական ներուժը»,- ասաց Արթուր Իշխանյանը:


Գիտնականի կարծիքով բյուջեից կատարված հատկացումը նկատելիորեն զիջում է այն նվազագույնին, որն անհրաժեշտ է գիտության գոյատևման և զարգացման համար:


«Երկրի ռեալ տնտեսական զարգացում կամ աճ չկա: Դրա ավելացման հույսը պետք է կապել մեր ամենամեծ ռեսուրսի` գիտության հետ: Այդպիսի փորձ կիրառում են այնպիսի երկրներ, որոնք չունեն շատ բնական ռեսուրսներ»,- ասաց Իշխանյանը:


«Ամենուր և ամեն ինչից պետք է կատարել մասնահատում գիտությանը: Մեզ համար առաջին տեղում պետք է լինի բանակը, որն ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, բայց հենց այդ բանակը ասում է, որ մեծ գումար պետք է տալ գիտությանը: Պետք է կտրել սպորտից, այն ընդամենը զվարճալիք է: Գիտությունը պետք է դուրս գա առաջին պլան»,- համոզված է գիտնականը:


ՀՀ ԳԱԱ անդամը մտահոգություն ունի առ այն, որ մեր գիտությունը ծերանում է: «Գիտությունը ջահ է, որը փոխանցվում է ձեռքից ձեռք: Եթե մենք չզբաղվենք կադրերի երիտասարդացմամբ, ապա մենք կկորցնենք մեր միակ հույսը` գիտությունը: Մեզ անհրաժեշտ է գոնե կրկնապատկել բյուջեն, դա կբերի շատ երիտասարդների դեպի գիտություն»,- ասաց Արթուր Իշխանյանը:

Եթե չուժեղացնենք գիտությունը` կկորցնենք պետականությունը. գիտնական