Բրիտանացի դպրոցականը մոտ 1 մլն դոլար է ստացել iPhone-ի համար բացառիկ հավելված մշակելու համար
Տասնյոթամյա բրիտանացի դպրոցական Նիք դ’Ալոիզիոն 965 հազ դոլար է ստացել iPhone-ի Summly հավելվածի թարմացված տարբերակը մշակելու համար, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով BBC-ին։
Երիտասարդ համակարգչային հանճարին ֆինանսավորողներից են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսին Լենոնի այրին է՝ Յոկո Օնոն, և անգլիացի դերասան Սթիվեն Ֆրայը։
Նոր հավելվածի յուրահատկությունը, որի սկզբնական տարբերակը ներկայացվել էր մեկ տարի առաջ, նրանում է, որ այն վերլուծում է, սեղմում ու մինչև 400 նշան կառուցվածքային տեսքի բերում յուրաքանչյուր լրատվական հաղորդագրություն՝ օգտատիրոջը տրամադրելով միայն հիմնական տեղեկությունը։
«Ես որոշեցի, որ հեռախոսի փոքրիկ էկրանից մեծ տեքստեր կարդալն այդքան էլ հարմար չէ, այդ իսկ պատճառով ստեղծեցի այնպիսի մի ծրագիր, որն ամփոփում է գրառումները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։










