Հայաստանում ջրային պաշարները պակասում են. Հանրային խորհուրդը զեկուցել է նախագահին
Հանրային խորհուրդն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հետ հանդիպմանը վերջինիս զեկուցել է Արարատյան դաշտավայրի ավանդական հոսքային ձկնաբուծական համակարգերից կիսափակ ջրօգտագործման համակարգերի անցման անհրաժեշտության մասին։
Հանրային խորհրդի անդամ, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագահին զեկուցվել է Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման վիճակի մասին:
«Պաշարների թույլատրելի օգտագործումը նախատեսված է 1 մլրդ 226 մլն խմ, բայց այսօրվա վիճակում օգտագործվում է դրանից շատ՝ հատկապես ձկնային տնտեսությունների և ոռոգման նպատակով»,– ասաց նա:
«Ձմռանը ջրի կարգավորում չի իրականացվում փականներով, դա նույնպես գնում է մեր սահմաններից դուրս: Մենք ունենք հոսքային պաշարներ 6.3 մլրդ խմ, բոլոր ճյուղերում կարողանում ենք օգտագործել ընդամենը 2.5 մլրդ, կորցնում ենք 3.7 մլրդ»,- նշեց Յուրի Ջավադյանը:
Նա նաև ընդգծեց, որ ստորգետնյա ջրային ռեսուրսները հանվում և դարձվում են հոսքային՝ մոտ 1.2 մլրդ խմ ջուր, իսկ դա գնում միանում է երկրից գնացող ջրերին:
«Հիմնական խնդիրը սրանում է, որ մեծ արագությամբ սպառվում է ջուրը: Առաջին հերթին առաջարկում ենք, որ բոլորը բերենք «կռանային» ռեժիմի, ավտոմատ կառավարման համակարգեր ստեղծենք , որ ռիսկերը պակասեն, որ մենք հնարավորություն ունենանք ճիշտ կառավարել ջուրը»,- ասաց նա:
Անդրադառնալով ձկնային տնտեսություններին՝ Յուրի Ջավադյանը նշեց, որ այստեղ պետք է գործի ջրերի 70%-ի հետվերադարձման սկզբունքը:
«Առաջարկությունները քննարկվեցին, դրանք կներկայացվի կառավարությանը, հատուկ ծրագիր կկազմվի: Այս բոլորը պետք է անել մեկ տարվա ընթացքում, քանի որ այսօր պաշարների սպառումը այնքան մեծ արագությամբ է գնում, որ ծանր վիճակում կլինենք բոլորս, այդ թվում ձկնային տնտեսությունները: Եթե ջուրը այս ռեժիմով շահագործվի, մի քանի տարի հետո գոյություն չեն ունենա ձկնային տնտեսությունները և մեր պաշարները: Նրանք կզրկվեն ջրից»,- ասաց նա:
Յուրի Ջավադյանը տեղեկացրեց, որ Մեծամորի ողջ տարածքի շուրջ 300 հորերից արդեն 122-ը ընդհանրապես չորացել են, իսկ Մասիսի շրջանում 17 հորերի ջրատվությունը 5.5 անգամ պակասել է:
«Այս բոլորը ժամանակին կանխել հնարավոր էր, եթե ջրի ճիշտ կառավարում ունենայինք, եթե բոլորը «կռանային» համակարգով օգտագործվեր, ձկնային տնտեսությունները օգտագործեին իրենց նախատեսված քանակով ջուր»,- բացատրեց նա։










