Իսկ այն մասին, թե ինչ արեցին հայ «բժիշկները», կգրեմ մոտ օրերս ավելի մանրամասն. Մարկ Սաղաթելյան

15:21 • 05.11.12

Շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանը Facebook-ի իր էջում վերապահում է հայտնել հայ բժիշկների՝ իր նկատմամբ վերաբերմունքից, այնուամենայնիվ, չբացահայտելով թե ինչի մասին է խոսքը և խոստանալով դա անել մոտ օրերս։ Սաղաթելյանի այդ վերապահումն արտահայտվում է «բժիշկներ» բառը չակերտներում ներկայացնելով։ 

«Իսկ այն մասին, թե ինչ արեցին հայ «բժիշկները», կգրեմ մոտ օրերս ավելի մանրամասն։ Մի բան կասեմ միայն, եթե Գերմանիան չլիներ, կմնայի հաշմանդամ ողջ կյանքում»,- գրել է նա։


Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մարկ Սաղաթելյանը վիրահատության է ենթարկվել Գերմանիայում։ Այդ մասին ևս նա հայտնել էր Facebook-ի իր էջում։ Նա տեղեկացրել էր նաև, որ քայլում է, սակայն առայժմ անթացուպերով և հույս հայտնել, որ մեկ ամսից կքայլի ձեռնափայտով։


Նշենք, որ հոկտեմբերի 23-ին կրկին Facebook-ում արված գրառմամբ Մարկ Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ գտնվում է Գերմանիայում և հաջորդ օրը վիրահատվելու էր։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում Մարկ Սաղաթելյանն իր ընկերոջ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ վերջինիս վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայով ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


Ավելի ուշ նշված հիվանդանոցից Tert.am-ին հայտնել էին, որ Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդեր, պարանոցային և կոնքային միջանցիկ ելունների կոտրվածքներ, աջ ազդրի գլխիկի հոդախախտ և կոտրվածք:

 

Լուսանկարում՝ Մարկ Սաղաթելյանը իրեն բուժող գերմանացի բժիշկի հետ
Լուսանկարը՝ Մարկ Սաղաթելյանի Facebook-ի էջի



 

 

 

Իսկ այն մասին, թե ինչ արեցին հայ «բժիշկները», կգրեմ մոտ օրերս ավելի մանրամասն. Մարկ Սաղաթելյան