Ճապոնիան նոր անօդաչու սարք է ստեղծում, որը կհայտնաբերի հրթիռների մեկնարկները
Ճապոնիան մտադիր է նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ստեղծել, որը կօգտագործվի Հյուսիսային Կորեայի տարածքից բալիստիկ հրթիռների մեկնարկները հայտնաբերելու և Չինաստանի տարածքը հետախուզելու համար, հաղորդում է Defense News-ը:
ԱԹՍ-ի ստեղծման վրա նախատեսվում է ծախսել մոտ 3 մլրդ իեն (37,3 մլն դոլար) առաջիկա 4 տարիների ընթացքում: Նոր սարքը սպառազինության տակ պետք է դրվի մինչև 2020թ.:
Ճապոնական նոր ԱԹՍ-ն կստանա ինֆրակարմիր տվիչներ, որոնք ունակ են տարբեր տիպի հրթիռներ հայտնաբերել: Սարքը կկարողանա թռիչք իրականացնել 13.5 հազար մետր բարձրության վրա` օդում մնալով 22 ժամ:
Բացի հրթիռային մեկնարկները, ԱԹՍ-ն կօգտագործվի նաև Ճապոնիայի ջրային տարածքում պարեկություն իրականացնելու մեջ:
Նման անօդաչու սարք ստեղծելու որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Ճապոնիայի պաշտպանության նախարարության դիտարկման միջոցները 2012թ. ապրիլին չկարողացան նկատել հյուսիսկորեական «Ինխա-3» կրող բալիստիկ հրթիռի մեկնարկը, որի մասին երկիրը տեղեկություններ ստացավ միայն ԱՄՆ-ից:










