Նոր Զելանդիայի ափերի մոտ հայտնաբերվել է կետի հազվագյուտ հանդիպող տեսակ (լուսանկարներ)
Նորզելանդացի և ամերիկացի օվկիանոսագետները Նոր Զելանդիայի ափերի մոտ հայտնաբերել են կետի հազվագյուտ հանդիպող տեսակի 2 ներկայացուցչի, որոնք անհայտ պատճառներով իրենց ափ են նետել, հայտնում է Yahoo News-ը՝ հղում անելով Current Biology գիտական ամսագրին։
Mesoplodon traversii կոչվող կաթնասունների գոյության մասին գիտնականները մինչ այժմ գիտեին միայն ափ ելած ոսկորների միջոցով։
«Մենք առաջինն ենք աշխարհում, ովքեր տեսել են այս 5 մետրանոց կետին այսքան մոտիկից ու ամբողջությամբ։ Այն ամենը, ինչ մենք գիտեինք կետերի այս տեսակի մասին, հայտնաբերված 3 խոշոր գանգերն էին, որոնք գտնվել էին անցած 140 տարիների ընթացքում՝ Նոր Զելանդիայի և Չիլիի ափերի մոտ»,- ասել է Օքլենդի համալսարանի գիտնական Ռոշել Կոնստանտինը։
Կոնստանտինն ու իր գործընկերներն անորսալի կետերին հայտնաբերել են Օպապե լողափի վրա, սակայն նրանց փրկել չի հաջողվել. նրանք արդեն սատկած են եղել։
Մասնագետները կետերի կաշվից մի քանի նմուշներ են կտրել և ԴՆԹ-ի անալիզ վերցրել, որոնք կօգտագործվեն ուսումնասիրությունների համար և կօգնեն ավելի շատ տեղեկություններ պարզել այս կենդանիների մասին։










