Apple-ը տուգանվել է 368 մլն դոլարով՝ արտոնագրերի խախտման համար
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի դաշնային դատարանը հանրահայտ Apple ընկերությանը մեղավոր է ճանաչել VirnetX ընկերության արտոնագիրը խախտելու մեջ և 368 մլն դոլարի չափով տուգանք սահմանել, հայտնում է РБК-ն՝ հղում անելով All Things Digital-ին։
Տեխասում հիմնված VirnetX ընկերությունը Apple-ի դեմ դատական հայց էր ներկայացրել 2011 թ.-ին՝ մեղադրելով վերջինին iPhone 4S-ը ստեղծելիս իր թիվ 8,05,181 արտոնագիրը խախտելու մեջ։
Բացի դատարանից, VirnetX-ը նաև բողոք է ուղղել ԱՄՆ-ի միջազգային առևտրային հանձնաժողով՝ պնդելով, որ Apple-ը խախտել է իրեն պատկանող արտոնագրերը iPhone, iPad և Mac արտադրանքներում։
Հարկ է նշել, որ բացի Apple-ից, այս ընկերությունը նմանատիպ հայց է ներկայացրել նաև Cisco Systems-ի, Avaya-ի և Siemens-ի դեմ։
Հիշեցնենք, որ վերջերս Apple-ն ինքն էր հաղթել արտոնագրերի խախտման վերաբերյալ խոշոր դատական գործը։ Արդյունքում՝ հարավկորեական Samsung Electronics-ը պարտավորվել է իր մրցակցին 1,05 մլրդ դոլարի չափով փոխհատուցում վճարել, քանի որ իր մի շարք արտադրանքներում օգտագործել է iPhone-ի և iPad-ի դիզայնը։










