Գիտնականները «կյանքի համար պիտանի» մոլորակ են հայտնաբերել
Եվրոպացի գիտնականները հայտնաբերել են մի մոլորակ, որը պտտվում է Արևի նման աստղի շուրջը և որը կարող է ունենալ կյանքի գոյատևման համար պիտանի կլիմա, հայտնում է BBC-ն։
Համաձայն «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների՝ մոլորակը գտնվում է իր աստղից իդեալական հեռավորության վրա, ինչի հաշվին ջերմաստիճանը նրա վրա ոչ չափազանց բարձր է, ոչ՝ ցածր։ Ըստ գիտնականների՝ նրա վրա կարող են լինել նաև ջրի պաշարներ։
Մոլորակի զանգվածը յոթ անգամ գերազանցում է Երկրի զանգվածին։
Մոլորակը նաև պտտվում է իր առանցքի շուրջը, ինչն ավելի է մեծացնում նրա մակերեսին կյանքի որևէ տեսակի գոյության հնարավորությունը։
Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերվել են հարյուրավոր մոլորակներ, սակայն նրանց թվում հազվադեպ են հանդիպում կյանքի գոյության համար պիտանիները։










