Ռոտորային շարժիչով Mazda RX-7-ը 5 տարի անց կթողարկվի
Մեկ տարի առաջ Mazda ընկերությունը արտադրությունից հանեց հայտնի ռոտորային շարժիչով սպորտային մեքենան` Mazda RX-8-ը: Եվս մի փոքր շրջան ընկերությունը թողարկեց սահմանափակ խմբաքանակներով այդ մեքենաներից, սակայն ռոտորոյին շարժիչների սիրահարները դրանով չեն բավարարվում և Mazda-ն որոշում կայացրեց և հայտարարեց, որ 5 տարի անց կթողարկվի RX-7 սպորտմեքենան, հաղորդում է vesti.ru-ն:
Mazda-ի սպորտային ստորաբաժանման ղեկավար Նոբուհիրո Յամամոտոն հայտարարել է, որ 2017թ. հոսքագիծ կվերադառնա RX-7 մեքենան, որը ևս ռոտորային շարժիչ կունենա, ինչպես այդքան սիրված RX-8-ը:
RX-8-ի վրա տեղադրվող 1,3 լիտր աշխատանքային ծավալով 13B Renesis շարժիչը այլրս չի արտադրվում: Սակայն դրա փոխարեն կթողարկվի 16X-ը, որը 1,6 լ ծավալ ունի: Այն դեռևս սերիական մեքենաների վրա չի տեղադրվում, սակայն արդեն վաղուց պատրաստ է:
Mazda RX-7-ը այդ շարժիչով առաջին մեքենան կլինի:
«Հատուկ կատալիզատորի շնորհիվ շարժիչը կհամապատասխանի Евро-6 ստանդարտին, որը ուժի մեջ կմտնի հենց 2017թ.: Նոր շարժիչի հզորությունը առանց տուրբոներմղման կկազմի 295 ձիաուժ: Հետագայում կթողարկվի նաև տուրբինացված տարբերակը», - հայտարարել է Յամամոտոն:
Արդեն հայտնի է, որ RX-7-ի համար հարմարեցվել է հաջորդ սերնդի MX-5-ի հենահարթակը: «Նոր սպորտային մեքենան նախորդից զգալիորեն ավելի թեթև կլինի ալիումինի կիրառման շնորհիվ», - հայտարարել է Mazda-ի սպորտային ստորաբաժանման տնօրենը:










