Apple-ի համար սարքավորումներ արտադրող Foxconn-ը ցանկանում է ձեռնարկություններ բացել ԱՄՆ-ում

16:08 • 09.11.12

Apple-ի համար սարքավորումներ արտադրող Foxconn ընկերությունը նախատեսում է իր սեփական գործարանները հիմնել ԱՄՆ-ում, մասնավորապես՝ ուսումնասիրում է Լոս Անջելեսը, Կալիֆոռնիան, Դեթրոյթը և Միչիգանը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Apple Insider-ին։

 

Ըստ որոշ տվյալների՝ ամերիկյան գործարաններում կարող է կենտրոնանալ հեղուկ-բյուրեղապակյա հեռուստացույցների արտադրությունը, գրում է DigiTimes պարբերականը։ Շուկայի աղբյուրներին հղում կատարելով՝ պարբերականը նշում է, որ ԱՄՆ գործարաններում չեն արտադրվի Apple-ի սարքավորումներ, քանի որ այդ աշխատանքը «բավական բարդ» է։


Ամերիկայում գործարանների կառուցման մասին լուրը հայտնվել էր այն բանից հետո, երբ Foxconn-ի նախագահ Թերի Գոուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր ընկերությունը նախատեսում է ուսումնական ծրագիր սկսել ամերիկացի ինժեներների համար։ Foxconn-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի հետ միասին հույս ունի ամերիկացի ինժեներների ներգրավել Չինաստանի կամ Թայվանի գործարաններում աշխատանքներին։

 

Թայվանում հիմնադրված Foxconn-ը մի քանի արտադրական գործարան ունի Չինաստանում։ Հոկտեմբերին չինական գործարանի ղեկավարությունը խոստովանել էր, որ աշխատանքի է ընդունել անչափահասների։ Ինչպես հաստատել է գործարանի ղեկավարությունը՝ ընկերության աշխատակիցների մեղքը նրանում է, որ նրանք չեն ստուգել դպրոցներից ուղարկված աշակերտների տարիքը՝ հիմնվելով մասնավոր ուսումնական հաստատությունների ազնվության վրա, ովքեր իրավունք չունեն աշխատանքի ուղարկել 16 տարեկանից փոքր անձանց։ Սակայն Foxconn-ի որոշ «աշխատակիցներ» 2 տարի փոքր են եղել։

 

Դա չինական գործարանի հետ կապված առաջին սկանդալը չէ։ Աշխատանքային պայմաններից դժգոհ աշխատակիցները մի քանի անգամ գործադուլ են հայտարարել, մի քանի աշխատակիցներ էլ ինքնասպանություն են գործել՝ չդիմանալով «սթրեսային մթնոլորտին»։ FLA-ի  (Ազնիվ աշխատանքի ասոցիացիա) կողմից անցկացված անկախ հետազոտությունն ընկերության աշխատանքային մեթոդներում բազմաթիվ խախտումներ է բացահայտել։
 

Apple-ի համար սարքավորումներ արտադրող Foxconn-ը ցանկանում է ձեռնարկություններ բացել ԱՄՆ-ում