Հայաստանում 56 հազար մարդ շաքարախտով հիվանդ է. բժիշկ-էնդոկրինոլոգ
Այսօր Հայաստանում 56 հազար մարդ շաքարախտով հիվանդ է, որից 24 հազարը` Երևանում: Բոլոր երկրների նման, այստեղ նույնպես հիվանդության տարածման աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի» նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Էլզա Հայրապետյանը:
«Սակայն պետք է արձանագրել, որ հիվանդության բուժման խնդիրները 7-8 տարի առաջ համեմատաբար ավելի շատ էին, քան այսօր: Հիվանդության համար անհրաժեշտ դեղորայքն այս և նախորդ տարի բավարարվել է»,- ասաց նա:
Բանախոսի տեղեկացմամբ՝ Հայաստանի հիվանդանոցներում շաքարախտի բուժումը միայն սոցիալական որոշ խմբերի համար է պետպատվերի շրջանակներում իրականացվում: Դրանց մեջ մտնում են՝ անաշխատունակության կարգ ունեցողները, ազատամարտիկները, զոհվածների ընտանիքները, զինծառայողներն ու իրենց ընտանիքների անդամները և հիվանդության ամենասուր փուլում գտնվողները: Հիվանդներն անվճար դեղորայք կարող են ստանալ՝ հաշվառվելով տեղամասային պոլիկլինիկաներում:
«Մեր պոլիկլինիկայում այցելությունները, հետազոտությունները և դեղորայքն անվճար է, սակայն մենք պլաններ ունենք հասնել նրան, որ այս հիվանդության բուժումն ամբողջությամբ իրականացվի պետպատվերի շրջանակներում և բոլորի համար»,- ասաց Էլզա Հայրապետյանը:
Բժշկուհու պնդմամբ, Հայաստանում հիվանդության առումով, իրավիճակն այնպիսին է, իչպիսին ամբողջ աշխարհում է:
Աշխարհում 530 մլն մարդ շաքարախտով է հիվանդ, իսկ ամեն տարի հիվանդությունից մահանում է 4.3 մլն մարդ:










