Ռուսաստանում հայրն աղջկան գտել է՝ թերթում տպված լուսանկարի շնորհիվ
Ռուսաստանում հայրն իր անչափահաս դստերը գտել է պատահականության շնորհիվ։ Տեղական թերթի հերթական համարում 37-ամյա Անդրեյ Դոհնովը տեսել է հայտարարություն այն մասին, որ մանկատան երեխաներից մեկը հարևան մարզում «նոր ծնողներ» է փնտրում։
Ինչպես տեղեկացնում է ռուսական Life News-ը, աղջիկն անմիջապես իրեն ծանոթ է թվացել։ Լուսանկարն ուսումնասիրելով՝ Անդրեյը հասկացել է, որ 8-րդ դասարանցի Քրիստինան զարմանալիորեն նման է իր մանկությանը։
«Ես նրա մեջ ինքս ինձ տեսա, և չհավատացի, որ դա կարող է իրական լինել։Նրա ծննդյան օրով ես հաշվեցի, որ Քրիստինան ծնվել է այն ժամանակ, երբ ես բաժանվել եմ իմ առաջին սիրուց։ Ես նույն պահին եկա մանկատուն՝ իմ աչքերով տեսնելու Քրիստինային»,-պատմել է նա։
Սկզբից նման բացահայտումն անհնարին է թվացել, սակայն Անդրեյը հիշել է, որ տարիներ առաջ իր նախկին ընկերուհին խոստովանել է, որ աղջիկ է ունեցել, սակայն հրաժարվել է նրանից։
Դաստիարակներն էլ չեն կասկածել, որ Անդրեյը 14-ամյա Քրիստինայի հարազատ հայրն է, քանի որ նրանք նման են եղել ոչ միայն արտաքինով, այլև հայացքով, սովորություններով։
Անդրեյն աղջկան տուն է տարել, որտեղ ապրում էր կնոջ ու կնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված երեխայի հետ։ Սակայն Քրիստինայի կյանքն այստեղ հեշտ չի ընթացել։
Խորթ մայրն ամեն ինչ արել է աղջկան խանգարելու համար, անգամ պահանջել է նրան դարձյալ մանկատուն վերադարձնել, սակայն մերժվելով՝ սկսել է տանջել աղջկան՝ քաղցած պահելով և տանը բանտարկելով։
Աղջիկը դարձյալ տեղափոխվել է մանկատուն, սակայն հայրը որոշել է ամուսնալուծվել կնոջից և ապրել դստեր հետ։
Այժմ Քրիստինան կրում է հոր ազգանունը։ Հայր ու աղջիկ անհամբերությամբ սպասում են, թե երբ կկարողանան դարձյալ միասին ապրել։










