BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել սկանդալի պատճառով
BBC հեռուստառադիոկորպորացիայի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթուիսլը սկանդալի պատճառով հրաժարական է տվել։ Սկանդալը պայմանավորված է եղել BBC-ով Newsnight հաղորդման հերթական թողարկման հեռարձակումից հետո բարձրացած աղմուկով։
Տեսանյութում մանկապղծության մի զոհ պատմել է, որ Ուելսի մանկատանը սեռական շահագործմանը մասնակցել է նաև բրիտանացի մի պաշտոնյա։ Քաղաքական գործչի անունը հաղորդման ընթացքում չի հնչել, սակայն ավելի ուշ լրատվամիջոցներով խոսակցություններ են տարածվել, որ նա Լորդ Ալիսթեր Մակէլպայնն է եղել։ Վերջինս հերքել է տարածված մեղադրանքները։
Ջորջ Էնթուիսլը ներողություն է խնդրել նրանից, և պարզաբանել, թե հաղորդումը չի տեսել մինչև հեռարձակվելը։
«Քանի որ գլխավոր տնօրենը նաև գլխավոր խմբագիր է համարվում և պատասխանատվություն է կրում բոլոր հաղորդումների համար, հաշվի առնելով լրագրողական չափանիշերին չհամապատասխանելը, ես հրաժարական եմ տվել»,-ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ հաղորդման լրագրողները լուրջ սխալներ են թույլ տվել։










