Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին և Ցեղասպանության հուշահամալիրը բախումների հետևանքով վնասվել են(տեսանյութ)
Սիրիայում կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվող բախումների հետևանքով էական վնաս է կրել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։
Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եկեղեցին և Մեծ եղեռնի նահատակների հուշահամալիրը վնասվել է հարակից շենքերի մոտ տեղի ունեցած կրակոցների և պայթյունների հետևանքով։
Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում հրկիզվել էր Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։Այն դարձյալ բախումների կիզակետում էր հայտնվել, սակայն ավելի ուշ վանդալիզմի զոհ էր դարձել։
Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը:
Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, ենթադրաբար, դարձյալ բախումների կիզակետում է հայտնվել և վնասվել է փոխհրաձգության և ռմբակոծությունների հետևանքով։










