Մոսկվայում ճանապարհային կոնֆլիկտի պատճառով հայ է սպանվել
Մոսկվայում «Մերսեդես» մակնիշի մեքենայով երթևեկող հայ եղբայրները տրավմատիկ զենքից կրակ են բացել մեկ այլ մեքենայի վարորդի վրա, ում հետ չեն կարողացել ճանապարհ կիսել։ Նա էլ իր հերթին պատասխան կրակ է բացել, ինչի հետևանքով հայերից մեկը մահացել է, տեղեկացնում է Life News-ը։
«Մերսեդես» մակնիշի մեքենայով երթևեկել են 43-ամյա Աշոտ Սարգսյանն ու 45-ամյա Արթուր Սարգսյանը։ Մյուս մեքենայի վարորդը հայտնի չէ։
Վերջինս «Մակարով» տիպի ատրճանակով կրակել է եղբայրների ուղղությամբ, և արձակված փամփուշտներից մեկը կրծքի շրջանում վիրավորել է Աշոտ Սարգսյանին։
«Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արդեն կլինիկական մահ էր տարել։ Բժիշկները փորձել են փրկել նրան, սակայն չի հաջողվել։ Աշխատանքներ են տարվում փախուստի դիմած արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի վարորդին գտնելու ուղղությամբ»,-ասել է Life News-ի աղբյուրը։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշերով (սպանություն)։










