Լարված գիշեր Հալեպի հայաբնակ շրջաններում. կան էական նյութական վնասներ
Հալեպի հայաշատ թաղամասերում գիշերը բավական լարված է անցել։
Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրավիճակը լարված է եղել հատկապես Նոր գյուղ և Վիլլաներ հայաբնակ թաղամասերում։
Մասնավորապես Վիլլաներում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում, 5 ական է պայթել։ Բարեբախտաբար, եկեղեցին չի վնասվել։
Նոր Գյուղում և Վիլլաներում տեղի ունեցած պայթյունների ընթացքում մարդկային կորուստներ չեն արձանագրվել, սակայն էական է նյութական վնասը. վնասվել են բնակարաններ ու մեքենաներ, քանդվել են տանիքներ, կոտրվել ապակիներ։
Նախորդող երկու օրերի ընթացքում իրավիճակը Հալեպում և հայաբնակ թաղամասերում համեմատաբար հանդարտ էր եղել։
Նոր գյուղում հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ հայկական ճեմարանի մոտակայքում գտնվող դիպուկահարը, ում արձակած գնդակից այսօր առավոտյան դարձյալ մարդ է վիրավորվել։ Վիրավորը, ըստ չճշտված տեղեկությունների, թաղամասի քրիստոնյա-արաբ բնակիչներից է եղել։










