Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի թիրախում խեղճ ու կրակ գյուղացիները չեն լինելու. Ոստիկանություն (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը ապօրինի ծառահատումների դեմ պայքարի լուրջ միջոցառումներ է ձեռնարկում, և վստահեցնում, որ թիրախում խեղճ ու կրակ մարդիկ չեն հայտնվի:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, այս նպատակով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 10-ին՝ Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ, հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ պարզելու, թե ինչու պատասխանատու ստորաբաժանումները մարզում հետևողական պայքար չեն տանում ապօրինի ծառահատումների և այդ հանցագործությունը հովանավորողների դեմ:
Խորհրդակցությանը ներկա կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Զաքարյանը ներկաներին զգուշացրել է, որ խոսքը չի գնում «խեղճ ու կրակ գյուղացիներին պատժելու կամ նեղություն տալու մասին»:
«Բացարձակ նման նպատակ չունենք: Շատ լավ գիտենք ինչի մասին է խոսքը: Հետևում կանգնած են մարդիկ, որոնք նույն գյուղացիներին երեք շաբաթ աշխատացնում են, 1000 դրամ են տալիս, իսկ իրենք տներ, ռեստորաններ ու օբյեկտներ են կառուցում»,- ասել է նա և հանձնարարել, որ ոստիկանների խնդիրն է լինելու այդ մարդկանց հայտնաբերելն ու պատժելը:
Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ այդ ծառահատումների կապակցությամբ ստուգումներ իրականացնելիս հանրապետության մայրուղիներից, ընդամենը մեկ գիշերում հայտնաբերվել է մոտ 5 տասնյակ բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենա, որոնք վարորդների հետ միասին բերման են ենթարկվել:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զբաղեցրած պաշտոններից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել Իջևանի մարզային ոստիկանության պետը, Տավուշի մարզային բաժանմունքի պետը և ոստիկանության այլ ծառայողներ:










