Բրիտանական դատարանը Apple-ից պահանջել է փոխհատուցել Samsung-ի դատական ծախսերը
Մեծ Բրիտանիայի դատարանը Apple ընկերությունից պահանջել է վճարել մրցակից Samsung Electronics ընկերության դատական ծախսերը։ Դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Apple ընկերությունը խոստովանել է, թե iPad-ի դիզայնը կրկնօրինակելու հարցում Samsung-ը մեղավոր չի եղել։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դատարանը պահանջել էր պարզաբանմամբ հանդես գալ, ինչն ընկերությունն արել էր, սակայն դրա տեքստը Samsung-ին չէր բավարարել։ Հերքման տեքստում Apple-ը հղում էր կատարել այլ երկրների դատարաններին, որոնք այլ որոշում էին կայացրել։
Samsung-ը հայտարարել էր, որ Apple-ի հաղորդագրությունը՝ Գերմանիայի և ԱՄՆ-ի դատարանների հղմամբ, հստակ չէ և շփոթեցնող է։ Բրիտանական դատարանը համաձայնվել էր և պահանջել 48 ժամվա ընթացքում նոր պարզաբանում հրապարակել։
Տեքստային փոփոխություններից բացի, բրիտանական դատարանը պահանջել էր Apple-ից այն տեղադրել ավելի երևացող տեղում՝ կայքի գլխավոր էջում։
Չնայած այդ փոփոխությունները տեղի էին ունեցել, Բրիտանական դատարանն այժմ էլ պահանջել է փոխհատուցել Samsung-ի դատական ծախսերը.գումարի չափը դեռևս ճշտված չէ։
Դատարանի որոշմամբ, պարզաբանումը Apple-ի կայքում պետք է մնա 6 ամիս, բացի այդ, ընկերությունը պարտավորվել է նաև լրատվամիջոցներով տարածել այն։ Apple-ի ներկայացուցիչները դեռևս դատարանի որոշումը չեն մեկնաբանել։










