BBC-ի նախկին գլխավոր տնօրենը կստանա 720 000 դոլար փոխհատուցում
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթուիսլը, ով հրաժարական է տվել, կստանա 450 հազար ֆունտ ստերլինգ (720 հազար դոլար) փոխհատուցում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես հաղորդում է «Սքայ նյուզ» հեռուստաալիքը, նման որոշում է կայացրել բրիտանական հեռարձակողի Հոգաբարձուների խորհուրդը՝ նախագահ լորդ Քրիս Փաթենի գլխավորությամբ։
Այս քայլն արդեն արժանացել է ինչպես տեղական մամուլի, այնպես էլ մի շարք պաշտոնատար անձանց քննադատությանը։
50-ամյա Էնթուիսլն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում աշխատել է ընդամենը 54 օր, ինչը յուրահատուկ «հակառեկորդ» է կորպորացիայի 90-ամյա պատմության ընթացքում։ Բացի այդ, նրա անունը դարձել է բազմաթիվ սկանդալների հոմանիշ, որոնք ցնցել են BBC-ն այս ընթացքում։ Եվ չնայած անձամբ Էնթուիսլի մեղքը չկա այդ միջադեպերում, այնուամենայնիվ, նման խոշոր փոխհատուցումը համարվում է առնվազն վիճելի։
Շաբաթ օրը Ջորջ Էնթուիսլը հրաժարական էր տվել աղմկահարույց սկանդալի պատճառով. ընկերության լրատվական հեռուստահաղորդումներից մեկը նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մտերիմ քաղաքական գործիչներից մի քանիսին մեղադրել էր մանկապղծության մեջ։
«Ես որոշում եմ կայացրել արժանի քայլ անել և թողնել պաշտոնս։ Վերջին օրերի իրադարձություններն ինձ հանգեցրին այն որոշման, որ BBC-ին անհրաժեշտ է նոր ղեկավար»,- ասել էր նա։










