Նախագահի հնարավոր թեկնածու էպոսագետը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի գրավագումարը

11:54 • 12.11.12

Էպոսագետ, նախագահի հնարավոր թեկնածու Վարդան Սեդրակյանը պատրաստակամություն է հայտնում վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման համար անհրաժեշտ գրավը՝ 8 մլն դրամ: «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարելով իր առաջադրման մասին, ասաց, որ հույս ունի գրավի գումարը հավաքել իր հայրենակիցներից` հանգանակության միջոցով: Ես` որպես հայրենակից և հայ մարդ, որոշեցի իմ աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընտրությունների արդյունքում եթե նա 5%-ի շեմը անցնի, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է հետ վերադարձնի գրավը, ապա նա հետ կտա իմ գումարը, եթե ոչ, ապա ես նրանից դա չեմ պահանջի»,- ասաց նա և ավելացվեց, որ գումարը չի նախատեսվելու ընտրարշավի ծախսերի համար:


Վարդան Սեդրակյանը տեղեկացրեց, որ նրա այս որոշումը նախապես պայմանավորված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և որքան բոլորի համար է անակնկալ, այնքան էլ՝ նրա համար: «Գումարը պատրաստ է, արդեն ծրարի մեջ է: Եթե նա համաձայնվի, ինքս կտանեմ «Ժառանգության» գրասենյակ ու կհանձնեմ նրան»,- ասաց նա:


Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է կայացրել նման որոշում, նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այն մարդն է, որը ոչ մի վատ քայլի չի գնա ու ընտրակաշառքներ չի բաժանի: Միաժամանակ Վարդան Սեդրակյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը լավը չէ:

 

Հարցին, թե էպոսագետին, որտեղից այնքան գումար, որ կարողանա վճարել թե՛ իր, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի գրավը, պատասխանեց. «Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի անգամ իր ֆիլմի վրա ծախսել է ավելի շատ գումար, քան հատկացրել էր պետությունը: Նույն հարցին, Նիկիտան պատասխանել է, որ իր անունը թույլ է տալիս ունենալ այնքան գումար, որքան պետք է ֆիլմ նկարելու համար: Ես հաղորդումներ եմ ունեցել էպոսի վերաբերյալ, սեմինարներ անցկացրել, հրապարակումներ ու վերլուծություններ տպագրած: Այս գումարը ես ունեմ ոչ թե հոնորարների, այլ իմ անունի շնորհիվ»,- ասաց նա: