ԱՆ-ն չի կարող միջամտել մասնավոր հիվանդանոցների գներին, բայց Գյումրիում համավճարը կրճատելու է 50 տոկոսով

12:53 • 12.11.12

Մասնավոր հիվանդանոցներն իրավասու են՝ հիմնադրի հետ համաձայնեցնելով, բարձրացնել վիրահատությունների և այլ ծառայությունների գները, սակայն հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքացիների համար անհասանելի են այդ վճարները, ուստի առողջապահության նախարարը հրաման է տվել համավճարը կրճատել 50 տոկոսով։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը՝ մեկնաբանելով լուրերը, որ մի շարք բուժհիմնարկներ այս օրերին բարձրացրել են բժշկական ծառայությունների գները:


«Բայց ինչ վերաբերում է նախարարության կողմից հիվանդանոցներին տրվող պետպատվերին, դրանում փոփոխություն չի կատարվել: Հիմա հնարավոր է՝ մասնավոր հիվանդանոցում որոշեն, որ պլաստիկ կամ վճարովի որևէ այլ վիրահատությունը կատարեն ավելի թանկ: Դա իրենց իրավունքն է, մենք չենք կարող նրանց գնային քաղաքականությանը միջամտել»,- ասաց Անահիտ Հայթայանը:


Ըստ մամուլի որոշ մեկնաբանությունների՝ որոշ բուժհաստատություններում վիրահատությունների գները ՀՀ առողջապահության նախարարության հրամանով են բարձրացվել: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարն ի պատասխան տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի 2012թ հուլիսի 27-ի N1738–Ա հրամանով հաստատվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գների սանդղակը՝ դիֆերենցված ըստ մարզերի և Երևան քաղաքի, ինչպես նաև բժշկական ծառայությունների ինքնարժեքի ծախսային հոդվածների կողմնորոշիչ նորմատիվները:


Այսինքն՝ հրամանի նպատակն է կանոնակարգել վճարովի բուժծառայությունների մատուցման գործընթացը, կանխել բժշկական կազմակերպությունների կողմից չհիմնավորված բարձր կամ ցածր գների սահմանումը, ինչպես նաև ապահովել վճարովի ծառայություններից ստացված եկամուտների առնվազն 50%-ի ուղղումը բուժանձնակազմի աշխատանքի վարձատրությանը:


Նույն հրամանով նախատեսված է, որ բժշկական կազմակերպությունում մշակված վճարովի բժշկական ծառայությունների գների՝ հաստատված սանդղակից շեղման դեպքում, հաշվարկը պետք է ներկայացվի առողջապահության նախարարին` համաձայնեցման, սակայն, բոլոր դեպքերում, վճարովի ծառայությունների գները մշակվում և հաստատվում են տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով:


Նշենք, որ օրերս Գյումրիի ուռուցքաբանական հիվանդանոցում հիվանդի հարազատների և բժիշկների միջև լուրջ սկանդալ է տեղի ունեցել, երբ հիվանդի հարազատը անհույս հիվանդին վիրահատած բժշկի վրա է հարձակվել՝ ասելով, թե իրենցից ինչու՞ են մոտ 400 հազար դրամ վերցրել, եթե գիտեին, որ նա մահանալու է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:


«Բժիշկն այդ պահին իրավիճակի հետ կապված միջամտություն էր կատարել, որպեսզի հիվանդը աղիքների անանցանելիությունից չմահանա, ու հիվանդի հարազատը ասում էր՝ «բա, որ գիտեիք, որ այդպես է լինելու, ինչու՞ այդքան գումար վերցրիք»: Ըստ որում, բժիշկը պահանջել է այն գումարը, որ փակցված էր պատին»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:


Նա նշեց, որ հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքի համար նման գումարները անհասանելի են քաղաքացիների համար, գրություն են ուղարկել՝ առողջապահության նախարարին՝ առաջարկելով համավճարի գումարը կրճատել 50 տոկոսով: Եվ նախարարը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը։


Նշենք, որ չարորակ ուռուցքների բուժումն ու դրա հետ կապված այլ միջամտությունները նախկինում մտնում էին պետպատվերի մեջ, սակայն այս տարվա հոկտեմբերի մեկից մտավ համավճարը: