Իրանը մտադիր է կրկնել ԱՄՆ անօդաչուների գրոհները, եթե դրանք կրկին լրտեսեն
Իրանական հեղափոխական գվարդիայի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ամերիկյան անօդաչուն, որը Իրանի ՀՕՊ-ը նոյեմբերին փորձել էր խփել, լրտեսում էր նավթային լցանավերը Իսլամական Հանրապետության ափամերձ գոտում, հաղորդում է Газета.Ru-ն` հղում կատարելով Reuters-ին:
«Անօդաչուն Հարք կղզու մոտ էր թռնում, և, ինչպես մենք ենք պատկերացնում իրավիճակը, տնտեսական և հետախուզական տեղեկություններ էր հավաքում կղզու և այնտեղ գտնվող նավթային լցանավերի վերաբերյալ», - ասել է Հաջիզադեն:
Հրամանատարը նշել է, որ եթե ԱՄՆ անօդաչուն կրկին իրանական սահմանի մոտ նկատվի և կրկին կասկած լինի, որ դրանով հետախուզական տվյալներ են հավաքվում, հակաօդային պաշտպանությունը նորից կփորձի այն խփել:
«Իրանի շուրջ մի քանի կարմիր գիծ կա, որոնք ամերիկացիները պետք է հարգեն: Եթե նման բան կրկնվի, մենք համապատասխանաբար կարձագանքենք», - ավելացրել է նա:










