Օբաման տվել է բյուջեի շուրջ քննարկումների մեկնարկը

10:43 • 12.11.12

Միացյալ Նահանգների առաջնորդ Բարաք Օբաման պատրաստ է փոխզիջումների «բյուջեի ճեղքվածքը» փակելու հարցի շուրջ քննարկումներում, սակայն հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել հարուստ ամերիկացիներից ստացվող  հարկերի ավելացման գաղափարից, որն անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար, հայտնում է Взгляд-ը։

 

«Ամերիկացիների մեծ մասը համաձայն է իմ մոտեցմանը։ Ես բաց եմ փոխզիջումների համար, բաց եմ նոր գաղափարների համար։ Սակայն կհրաժարվեմ ընդունել այնպիսի որոշում, որը հավասարակշռված չի լինի»,- ասել է նա։

 

Նախագահի կարծիքով՝ Կոնգրեսում բյուջեին վերաբերող ցանկացած փոխզիջում պետք է ներառի և՛ եկամուտների ավելացում, և՛ ծախսերի կրճատում։

 

Օբաման ուրբաթ Սպիտակ տուն է հրավիրել հանրապետականների ու դեմոկրատների առաջնորդներին՝  բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու ուղիների որոնման նպատակով։

 

Հանրապետականները դեմ են հարկերի բարձրացմանը, և հենց այս հարցը, ինչպես սպասվում է, կլինի քննարկումների հիմնական խնդիրը։

 

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հույս է հայտնել, որ կողմերին, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ։