Օմսկում տարբեր տվյալներով 11-ից 17 ավտոբուս է այրվել
Ռուսաստանի Օմսկ քաղաքի ավտոպարկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 11 ավտոբուս է այրվել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դրանցից 6-ն այրվել է ամբողջությամբ, 5-ը՝ մասնակի։
Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ այրվել է 17 ավտոբուս, որից 11-ը՝ մասնակի։
Հրդեհը բռնկվել է ավտոբուսներից մեկի մարտկոցում առաջացած խնդրի պատճառով։
Աշխատակիցները փորձել են ինքնուրույն մարել կրակը և հրշեջ ծառայություն են զանգահարել միայն այն ժամանակ, երբ սկսել է այրվել տարածքի տանիքը։ Ընդհանուր առմամբ այրվել է 800 քմ տարածք։
Քաղաքային իշխանությունը տեղեկացրել է, որ հրդեհը չի խաթարի հանրային տրանսպորտի աշխատանքը, քանի որ քաղաքն ունի պահուստային ավտոբուսներ։










