Աշխատանքից ազատվել են Երևանի թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրենները
Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Կրթության վարչության պետը զեկուցել է, որ մատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաև դրամահավաքության երևույթները բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները:
Անցյալ շաբաթ իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հետևանքով աշխատանքից ազատվել են թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրենները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։










