Շարմազանովը նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու հարցի քննադատումը դերասանություն է համարում
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թեև որակումներ չէր ցանկանում տալ, սակայն ԱԺ-ում նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու կառավարության օրինագծի դեմ ընդդիմադիր պատգամավորների սուր քննադատությունները այսօր ԱԺ-ում կայացած ելույթի ժամանակ որակեց որպես դերասանություն: «Ես որակումներ տալ չեմ ցանկանում, և չեմ էլ եկել այս ամբիոնի մոտ, որպեսզի որակումներ տամ, դրա համար կա հասարակություն, որը կորոշի, որն է իրական աշխատանքը, որն է պոպուլիզմը և որն է ամբոխահաճո գործը։ Պարզապես ակամայից հիշեցի մեծ լոռեցուն, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, ով ասում էր, դերասանությունը թատրոնում է գովելի, բայց ոչ կյանքում»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ից լավ ոչ ոք չգիտի ժողովրդի խնդիրների մասին:
«Բոլորը խոսում են նվազագույն աշխատավարձի մասին, խնդիրների մասին, բայց ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտի ժողովրդի խնդիրները, 1999թ-ից այս կողմ ո՞վ է բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, ո՞վ է անկեղծ եղել ժողովրդի հետ, յուրաքանչյուրի հարցերին պատասխան տվել և չի ասել հենց ընենց կբարձրացնեմ աշխատավարձը, բայց բյուջեն դեֆիցիտից բերել է հավելման, ո՞վ է կրճատել աղքատությունը, տնտեսական բարեփոխումներ իրականացրել, իհարկե Հանրապետական կուսակցությունը»,- հայտարարեց նա և ավելացրեց, որ ԱԺ-ում խոսել, որ ՀՀԿ-ն չի ուզում բարձրացնել նվազագույն աշխատավարձը ճիշտ չէ: «Նման բան չկա, ո՞նց չենք ուզում»,-զարմացավ նա:
Դահլիճից ԱԺ փոխխոսնակի ելույթին ի պատասխան հնչեցին ընդդիմադիր պատգամավորների դիտարկումները և Շարմազանովը խնդրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից կատարել իր կառավարողի պարտականությունը, որպեսզի ինքը շարունակի խոսքը:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ այո՛, 35 000-ը բավարար չէ, հնարավոր չէ լուծել այն բազմաթիվ խնդիրները, որոնք որ կան, բայց հնարավորությունը սա է և մենք շարունակական ենք լինելու տարեցտարի ավելացնելու նվազագույն աշխատավարձը և, ինչո՞ւ չէ, մեր քաղաքացիների սոցիալական վիճակը»,-շարունակեց նա:
Վերջում նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց ընտրություններից առաջ խնդիրը չշահարկել և դիվիդենտներ շահել: «Կարիք չկա, այս ընտրությունների նախաշեմին այս քաղաքական ամբիոնը դարձնել շահարկման առարկա: Ժողովրդի մեծամասնությունը ընտրությունից ընտրություն ապացուցել է, որ իր խնդիրները լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ, իսկ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որն ազնիվ է եղել իր ընտրողների առաջ և շարունակելու է իր աշխատանքները»,-եզրափակեց նա:










