Կարապետյան եղբայրները 2 մլն դոլարից ավելի գումար կտրամադրեն Վանաձորի ծննդատան կառուցման համար

11:00 • 12.11.12

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Վերջինիս խոսքերով, համալիրը, որի շինաշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում, կառուցվելու է Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ շուրջ 2500 քմ տարածքով ծննդատունը՝ «Տաշիրի», որի համար Կարապետյան եղբայրները նախնական հաշվարկներով կտրամադրեն 2 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար:


Խոսելով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Ճաղարյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Վանաձորում կյանքի կկոչվի ևս երկու ծրագիր. Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգևատրվեն Լոռու մարզի մոտ 50 երիտասարդ գիտնականները, ովքեր ապրում, աշխատում և ստեղծագործում են մարզի տարածքում, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր դպրոցների և միջին մասնագիտական ուսհաստատությունների շուրջ 300 մանկավարժներ: Ուսուցիչների թեկնածությունները ներկայացվել են դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից:


Վերջին մի քանի տարիներին Սամվել և Կարեն Կարապետյանների հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվել է Լոռու մարզի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաքն ու հանգիստը Ծաղկաձորում: Համագործակցելով «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության հետ՝ համանման մի ծրագիր էլ «Տաշիր» հիմնադրամը կիրականացնի դեկտեմբերին՝ ընդգրկելով շուրջ 300 երիտասարդների:


Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իրենք դիմել են հանրապետության բոլոր պետական բուհերի ղեկավարներին՝ խնդրանքով տրամադրել իրենց բուհերում սովորող՝ Լոռու մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողների ցանկը:

 

Այն ամբողջանալուն պես հիմնադրամը կքննարկի այդ ուսանողների հետ կապված ծրագիր իրականացնելու հարցը, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ: