«Տաշիրը» հետաքրքրված է Մոսկվայի մետրոյի կայարաններում առևտրի կենտրոնների կառուցմամբ
Մոսկվայի իշխանությունները կարող են թույլատրել մետրոյի կայարանների մուտքի մոտ առևտրի կենտրոնների կառուցումը։ Նման նախագծի մասին Ведомости-ին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Մաքսիմ Լիկսուտովը։ Մետրոն կազատվի անկազմակերպ առևտրից, իսկ Մոսկվայի մետրոպոլիտենին պատկանող տարածքներում կհայտնվեն բազմաֆունկցիոնալ համալիրներ։
«Մենք ցանկանում ենք, որ մետրոպոլիտենը եկամուտներ ունենա ոչ միայն ուղևորափոխադրումների, այլ նաև իրեն պատկանող առևտրային տարածքների օգտագործման հաշվին»,- ասել է վարչության պետը։
Ըստ Ведомости -ի՝ նախագծով հետաքրքրված է մոտ 20 ներդրող, որոնք տարբեր տարբերակներ են առաջարկել. նրանց մեծամասնությունը ստորգետնյա կրպակների ներկայիս վարձակալներն են։
Ներդրողների թվում է նաև «Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին։ «Տաշիրը», ըստ Ведомости-ի, ցանկանում է 11 օբյեկտ կառուցել։
Մոսկվայի մետրոպոլիտենի 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 5.96 մլրդ ռուբլի, նպատակն է այս թիվը հասցնել 10 մլրդ-ի։ Սա, ըստ վարչության պետի, թույլ կտա նաև զսպել տոմսի գների բարձրացումը։










