Այսօր Հայաստան կժամանի Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

14:53 • 12.11.12

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը: 


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, Հայաստան- Ուրուգվայ պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Նախատեսվում է պարոն Օռիկոյի ելույթը Ազգային ժողովի նիստում: Երևանի Պետական Համալսարանում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կհանդիպի ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

 

Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին պետությունն էր, որ պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը։ Վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվել նաև, որ այս պետությունը նախտեսում է մոտ ապագայում ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Այդ մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Ավստրալիայի ամենախոշոր նահանգի կողմից ԼՂՀ-ն և այդտեղ ապրող հայ բնակչության ինքնորոշման ճանաչումից հետո։