Դեկտեմբերին կստորագրվի ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը, հետո այն կանցնի վավերացման փուլ
Վերջին 9 ամիսներին Հայաստանի և Եվրամիության միջև լուրջ առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ հոկտեմբերի 17-ին Բրյուսելում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը ուժի մեջ մտնելով, ավելի կխթանի Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացմանը։ «Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացում» թեմայով այսօր հրավիրված սեմինարին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրամիության բաժնի պետ Մհեր Մարգարյանն էլ հավելեց, որ հույս ունեն, որ դեկտեմբերին կսկսեն վավերացման գործընթացները, իսկ հաջորդ տարվա առաջին կիսամյակում համաձայնագիրը կտեսնեն վավերացված: «Նախաստորագրումը եղել է հոկտեմբերի 18-ին, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին՝ ստորագրումից հետո, կանցնի վավերացման փուլը»,- ասաց նա:
Դեսպան Տրայան Հրիսթեան նկատեց, որ այս համաձայնագրով արտոնագրերի վիզայի դյուրացման գործընթացը կլինի ավելի արագ, սահուն և էժան, ինչպես նաև ճամփորդությունն իր հերթին կկանխի ապօրինի միգրացիան: «Ակնկալվում է, որ դյուրացված ռեժիմը մեծապես կնպաստի զարգացմանը, հմտությունների փոխանակմանը ԵՄ-Հայաստանի միջև»,- ասաց նա:
Բացի այդ, նա կարևորեց նաև մուտքի արտոնագրերի դյուրացմանը զուգահեռ տարվող հետընդունման արտոնագրերը: «Կարևոր է նաև հայաստանցի ճամփորդողների համար, ապօրինի միգրանտների հետընդունման արտոնագիրը, ինչի միջոցով կկարողանանք վերադարձնել ապօրինի միգրանտներին իրենց հայրենիք»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ արտոնագրի դյուրացման գործընթացն ավելի վաղ է սկսվել Մոլդովայում, Ուկրաինայում և Վրաստանում: «Ի՞նչ ազդեցություն է ունեցել մի շարք երկրների վրա համաձայնագիրը: Ուկրաինայում մի կողմից արագ է դարձել արտոնագրի ստացումը ճամփորդելու համար, և մյուս կողմից էլ բացասական ազդեցություն չի ունեցել ԵՄ հյուպատոսների աշխատանքների վրա»,- ասաց նա:
Նա նշեց, որ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու վերաբերյալ կոնկրետ ժամկետներ դեռևս չի կարող ասել, և ավելացրեց, որ դա չի նշանակում, որ այս փուլում այն կազատականացվի ,և առանց արտոնագրի հայաստանցիները կճամփորդեն:
Դեսպանից հետաքրքրվեցին, թե առաջիկա նախագահական ընտրությունների որակը հնարավո՞ր է ազդի վիզայի դյուրացման գործընթացի ժամկետների վրա, ինչին Տրայան Հրիսթեան պատասխանեց, որ սա ոչ թե քաղաքական, այլ իրավական համաձայնագիր է և ոչ մի կերպ չի կարող կապ ունենալ: «Արտոնագրի օրացուցային ընթացակարգերը չէի ուզի կապել քաղաքական զարգացման հետ, և համաձայնագրի վավերացումը կապ չունի նախագահական ընտրությունների հետ»,- ասաց նա:
Մհեր Մարգարյանը ևս մեկ անգամ ներկայացրեց, թե ինչ է ենթադրում մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Ըստ նրա, համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ քաղաքացիների մի շարք կատեգորիաների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների համար: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:










