Բրյուս Ուիլիսն իր լեռնադահուկային առողջարանը նվիրել է Այդահոյի բնակիչներին (տեսանյութ)
Բրյուս Ուիլիսը հրաժեշտ է տվել իր սեփական ոչ մեծ լեռնադահուկային առողջարանային կենտրոնին, որը գտնվում է Այդահո նահանգի Ֆերֆիլդ քաղաքի Soldier Mountain լեռան վրա, և որը նրան էր պատկանում սկսած 1990թ.: Դերասանը որոշում է կայացրել առողջարանը նվիրել շահույթ չհետապնդող կազմակերպությանը` Ֆերֆիլդ քաղաքի բնակիչների համայնքին, հաղորդում է vesti.ru-ն:
Soldier Mountain-ի վրա գտնվող լեռնադահուկային առողջարանի մակերեսը 1150 ակր է, տարածքում երկու ամբարձիչ ճոպանուղի կա:
Առողջարանը մշտապես աշխատել է 1940-ական թվականներից և երբեմն նույնիսկ շահութաբեր է եղել:
«Խոսքերով չեմ կարող փոխանցել, թե ինչքան եմ գոհ Ֆերֆիլդի բնակիչների համայնքից: Հիանալի է, երբ մարդիկ, որոնք ամբողջ կյանքը այդ լեռան վրա են սահել, այդքան խնամք են պարգևում առողջարանին: Ես նրանց ամենայն բարիք եմ ցանկանում», - Ուիլիսի խոսքերն է մեջբերում Այդահոյի պարբերականը:
Հոդվածը վերնագրված է այսպես «Շնորհակալ ենք Soldier Mountain-ի համար, Բրյուս Ուիլիս, մենք ընդունում ենք քո նվերը»:
Քանի որ այժմ առողջարանը քաղաքի բնակիչներին է պատկանում, ամբողջ հասույթը, որը կստացվի շահագործումից, կներդրվի հետագա զարգացման և կատարելագործման մեջ:
Նշենք, որ առատաձեռն Բրյուս Ուիլիսին շուտով հնարավոր կլինի տեսնել «աշխարհը փրկելու» հերթական առաքելության մեջ «Կուռ ընկույզ. Լավ օր մեռնելու համար» ֆիլմում, որի գործողությունները ծավալվում են Ռուսաստանում:










