Այվազովսկու նկարը վաճառվել է 1.62 միլիոն դոլարով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 1.01 միլիոն ֆունտ ստեռլինգով (1.62 միլիոն դոլար) վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան: Սան-Ջորջո» կտավը: Դրա մասին ИТАР-ТАСС գործակալությանը տեղեկացրել է «Մաքդուգլաս» աճուրդային ընկերության ներկայացուցիչները:
Այվազովսկու կտավը «Մաքդուգլասի» կիրակնօրյա աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործն էր: Նրա գինը մոտ է եղել գնահատման ստորին շեմին՝ 950 հազար ֆունտ ստեռլինգ (1,522 միլիոն դոլար), իսկ առավելագույնը նախատեսվում էր ստանալ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (3,210 միլիոն դոլար): Այվազովսկին կտավը ստեղծել էր 1850-ականներին:
Այվազովսկու մյուս կտավը՝ «Լուսնային գիշեր Ղրիմում», որը նախատեսվում էր վաճառել 400-600 հազար ֆունտ ստեռլինգով (640-960 հազար դոլար), դեռևս մինչև աճուրդի սկսվելը անհատական կարգով վաճառվել է 497 հազար ֆունտ ստեռլինգով (796 հազար դոլար): Նույն սկզբունքով վաճառվել է նաև հայտնի հայ նկարչի «Նավը փոթորկի մեջ» կտավը: Աճուրդը նախատեսվում էր իրականացնել չորեքշաբթի օրը, սակայն այն գնվել է ավելի վաղ, 45 հազար ֆունտ ստեռլինգով (72.13 հազար դոլար), ինչը մոտ է նրա առավեագույնը ակնկալվող գնին՝ 50 հազար ֆունտ ստեռլինգ (80 հազար դոլար):
«Այն, որ մեզ հաջողվել է վաճառել Այվազովսկու 3 նկար դա լավ արդյունք է, հաշվի առնելով, որ այժմ տվյալ հեղինակի ստեղծագործություններից շուկայում բավականին շատ կան»,- ИТАР-ТАСС-ի թղթակցին ասել է «Մաքդուգլաս» աճուրդային տան ղեկավար Ուիլյամ Մակդուգալը:










