Կատարում մեկնարկում են ՄԱԿ-ի՝ կլիմայի վերաբերյալ քննարկումները
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկող կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի քննարկումները, ըստ ամենայնի, շատ թեժ կլինեն, քանի որ դրանց արդյունքում պետք է որոշվի Կիոտոյի արձանագրության ապագան, հայտնում է РИА-Новости-ն։
Բացի այդ, նախատեսված է քննարկել տարեկան 100 մլրդ դոլարի չափով զարգացող երկրներին օգնություն տրամադրելու հարցը և մի շարք այլ կարևոր խնդիրներ։ Քննարկումներին մասնակցող երկրները պարտավոր են փաստաթղթի տեսքով ամրագրել Կիոտոյի արձանագրության երկրորդ շրջանի պարտականությունները, փորձել ֆինասավորման աղբյուրներ գտնել 2 տարի առաջ ստեղծված Կանաչ կլիմայի հիմնադրամի համար, ինչպես նաև հանձն առնել նոր գլոբալ համաձայնագրի պատրաստումը։
Հարկ է նշել , որ 3 տարի առաջ նմանատիպ համաժողով անցկացվեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որն ավարտվեց մասշտաբային անհաջողությամբ։ Պատճառն այն էր, որ բանակցող կողմերը չկարողացան հարթել տարաձայնություններն ու ստեղծել կլիմայի վերաբերյալ երկար սպասված համաձայնագիրը։
Իսկ ինչ վերաբերում է 2012թ.-ի համաժողովը Կատարում անցկացնելու որոշմանը,ապա այն հիասթափեցրել է բնապահպաններին։ Կատարն ունի ջերմոցային գազերի արտանետման ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։










