Բրիտանացի եղբայրների ֆենոմենը, ովքեր հասունանալու փոխարեն երիտասարդանում են (տեսանյութ)
Հայտնի փաստ է, որ մարդը որքան մեծանում է, այնքան իմաստնանում է, և ընդհանուր առմամբ ծերությունն ընկալվում է որպես իմաստության ու խելքի խորհրդանիշ, գրում է Yahoo News-ը։
Սակայն պատկերը լիովին այլ է Մեթյու և Մայքլ Կլարկս եղբայրների դեպքում, ովքեր արդեն քառասունն անց տղամարդիկ են, սակայն իրենց վարքով հիշեցնում են 7-ամյա անհնազանդ, չարաճճի տղաների։ Եղբայրների բնակարանում կարելի է տեսնել այս ու այն կողմ ցրված խաղալիքներ, մուլտֆիլմերի սկավառակներ, գնացքների փոքրիկ մոդելներ և այլն։
Տղաների նման պահվածքը բացատրվում է հազվագյուտ հիվանդությամբ, որը զարմանալիորեն ի հայտ է եկել 2-ի մոտ միաժամանակ։ Նրանց պարագայում վստահորեն կարելի է ասել, որ ժամանակը փոխել է իր սովորական ընթացքն ու սկսել ետ շարժվել՝ եղբայրներին վերածելով էմոցիոնալ և անկայուն փոքրիկների։
Բժիշկները Մեթյույի և Մայքլի մոտ ախտորոշել են լեյկոդիստրոֆիա, որը գտնվում է զարգացման վերջնական փուլում։ Հիմնականում այս հիվանդությունն ազդում է մարդու ֆիզիկական կարողությունների վրա, սակայն Կլարկսների դեպքում տուժել է նաև նրանց հուզական և հոգեկան վիճակը։
Թեև դժվար է հավատալ, սակայն փաստ է, որ 6 տարի առաջ նրանք 2-ն էլ մշտական աշխատանքով և իրենց ընտանիքներն ունեցող տղամարդիկ են եղել։ Սակայն հիվանդությունից հետո կորցրել են ամեն ինչ և այժմ բնակվում են իրենց 60-ամյա ծնողների հետ ու ամբողջ օրը վիճում խաղալիքների ու այլ երեխայական հարցերի շուրջ։
Մասնագետները նշում են, որ եղբայրների առողջացման շանսերը զրոյական են։










