Հանրապետության հրապարակում սկսվել է գլխավոր տոնածառի տեղադրումը. այս տարի՝ սովորականից շուտ (լուսանկարներ)
Այս տարի Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սովորականից շուտ են սկսվել: Այսօր արդեն Հանրապետության հրապարակ էին բերվել ամանորյա տոնածառի հիմքի դետալները, և կատարվում էին դրա տեղադրման հետ կապված աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են այս տարի տոնածառի տեղադրման աշխատանքները սովորականից շուտ սկսվել, ասաց. «Վատ է՞, որ շուտ է սկսվում: Ամբողջ աշխարհում այ հենց էս փուլում է սկսվում: Ինչո՞ւ մենք էլ չանենք էս փուլում»:
Արթուր Գևորգյանը հավելեց, որ ժամկետների տեղափոխումը պայմանավորված չէ նախորդ կամ դրան նախորդող տարիներին չհասցնելու կամ այլ կազմակերպչական խնդիրների հետ, պարզապես Երևանի քաղաքապետարանը ցանկանում է, որ տոնական մթնոլորտը մի քիչ ավելի շուտ սկսվի:
Այլ մանրամասներ, թե որտեղի՞ց է բերվել գլխավոր տոնածառը, եր՞բ են վառվելու տոնածառի լույսերը, ի՞նչ համերգային ծրագիր է եղել և այլն, քաղաքապետարանից կմանրամասնեն առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ:










