Բրեդ Փիթը խոստովանել է, որ Ջոլիի հետ պսակադրությունը տեղի կունենա շատ շուտով
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ իր ամուսնությունը դերասանուհի Անժելինա Ջոլիի հետ «սարերի ետևում չէ»: «Դա տեղի կունենա շատ շուտով», - հայտարարել է նա այսօր հրապարակված People ամսագրում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
48-ամյա Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթը 37-ամյա Ժոլիի հետ քաղաքացիական ամուսնությամբ է ապրում արդեն 7 տարի` սկսած այն պահից երբ 2005թ. միասին նկարահանվեցին «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմում:
Դերասանները 6 երեխա ունեն, որոնցից 3-ը որդեգրված են:
Այս տարվա ապրիլին աստղային զույգը հայտարարեց նշանադրության մասին, և այդ ժամանակվանից աստղային կյանքը լուսաբանող լրագրողները և լուսանկարիչները փորձում են գուշակել, թե երբ տեղի կունենա ամուսնությունը:
Փիթը անկեղծացել է, որ պաշտոնապես ամուսնանալու իրենց անընդհատ ստիպում են երեխաները, սակայն ինքը ևս արդեն զգում է, որ «ժամը հասել է»:
«Մենք ընտանիք ունենք, երեխաներ ենք մեծացնում: Եվ, այնուամենայնիվ, ամուսնությունը ինձ համար մեծ դեր է խաղում», - նշել է դերասանը:










