Հայոց ցեղասպանությունն ականատեսների վկայությամբ. լույս է տեսել նոր ժողովածու

12:04 • 28.11.12

Լույս է տեսել Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հեղինակած «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» վերնագրով եռահատոր ժողովածուն։ 


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով աշխատությունը՝ Ամատունի Վիրաբյանն ասաց, որ գրքում զետեղված վկայությունները Ցեղասպանությունը վերապրածները տվել են 1916թ-ին:


«Այս փաստաթղթերի կենտրոնում մարդն է, որը տեսել է, թե ինչ է կատարվում իր և իր հարազատների հետ: Նրանք նկարագրում են, թե ինչպես են փրկվել, ով է օգնել»,– ասաց նա:


«Այսօր մարդու իրավունքներն առաջնահերթ են, դրա մասին են փաստում միջազգային բոլոր փաստաթղթերը: Երբ ասում ենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել է 1.5 մլն հայ, ապա դա նման է զուտ փաստի արձանագրման: Բայց երբ մարդն է պատմում իր ընտանիքի կոտորածի մասին, շատ ավելի ազդեցիկ է»,- ավելացրեց նա։


Ամատունի Վիրաբյանը նաև նշեց, որ փաստաթղթերը մոտ 650 բնակավայրերի կոտորածի մասին տեղեկություններ են, որոնց մեծ մասը առաջին անգամ է հրապարակվում:


«Այստեղ վկայություններ կան այլ ազգերի կողմից՝ արաբ, պարսիկ, ասորի, հույն և այլն: Նրանցից ոմանք տալիս են Ցեղասպանությունն իրականացրած հրամանատարների անուններ և մանրամասն պատմում իրենց տեսածն ու լսածը»,- նշեց նա:


Եռահատոր ժողովածուի յուրաքանչյուր հատորը լույս է տեսել 1000 տպաքանակով։ Երեք հատորը միասին գրախանութներում կարժենա մոտ 20 հազ. դրամ:


Ամատունի Վիրաբյանը վստահեցրեց, որ ժողովածուն առաջիկայում թարգմանվելու է անգլերեն, ռուսերեն և թուրքերեն, ինչպես նաև տեղադրվելու է համացանցում:


Ազգային արխիվի տնօրենը նաև նշեց, որ լույս է տեսնելու 4-րդ և 5-րդ հատորները, որոնցից առաջինը նվիրված է լինելու Կիլիկիայի կոտորածներին և այնտեղից հայերի տեղահանությանը, իսկ մյուսը՝ Օսմանյան կայսրության այն տարածքներում հայերի ցեղասպանությանը, որոնք Արևմտյան Հայաստանից դուրս էին: