Լիբանանում տեղի է ունեցել ձեռագիր մատյանների և հնատիպ ձեռագրերի ցուցադրություն

16:59 • 28.11.12

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հայ Կաթողիկե Եկեղեցու Լիբանանի թեմի Զմմառի առաջնորդարանի համատեղ նախաձեռնությամբ Զմմառի միաբանությունում «Ուրբաթագրքի» տպագրության 500 ամյակի առիթով տեղի է ունեցել մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացումը, ինչպես նաև կազմակերպել է ձեռագիր մատյանների և հնատիպ ձեռագրերի ցուցադրություն, տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից: 


Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Զմմառի միաբանություն էր այցելել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


Հայաստանից ժամանած պատվիրակությունը շրջել է Զմմառի միաբանության Եկեղեցում, թանգարաններում ու մատենադարանում, միաբանության անդամները հանգամանորեն ներկայացրել են հավաքածուները, դրանց պատմությունն ու արժեքը:


Հանրապետության նախագահն ասել է, որ Զմմառում կուտակված հայ ձեռագիր մատյանները խոսուն վկայությունն են մեր անցյալի, պատմության և մեր դարավոր մշակութային ժառանգության:


«Զմմառի միաբանությունը, Մատենադարանն ու Սփյուռքի նախարարությունը գովելի նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ուսումնասիրել ձեռագիր մատյանները, սրբել դարավոր փոշին, վեր հանել մեր ազգի մտքի արգասիքն ու լույս սփռել անցյալի մեր էջերի վրա»,– ասել է Սերժ Սարգսյանը:


«Մենք պետականորեն կշարունակենք օժանդակել, որպեսզի ամբողջապես մշակվի այս հսկայածավալ նյութը և ծառայի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համայն մարդկությանը»,- ավելացրել է նա:


Հանդիսության ընթացքում ելույթ է ունեցել Զմմառի Պատրիարքական միաբանության ընդհանուր պատրիարքական փոխանորդ Գերպ. Հ. Գաբրիել Թ. Ծ. Վ. Մուրատյանը, ընթերցվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի օրհնության գիրը:


Զմմառի Մշակութային Կենտրոնի տնօրեն Հ. Մովսես Վրդ. Տոնանյանը ներկայացրել է Կենտրոնի ներկա գործունեությունն ու ապագայի ծրագրերը:


Ելույթ է ունեցել նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր- Վարդանյանը:


Զմմառի միաբանությունը հիմնադրվել է 1749 թվականին Հայ կաթողիկե պատրիարքության հիմնադիր Աբրահամ Արծիվյան կաթողիկոսի կողմից: Ներկայումս Զմմառի վանքում կա 2000-ից ավելի ձեռագիր մատյան:


Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի հայերեն ձեռագրական հավաքածուների շարքում քանակով ու գիտական, մշակութային արժեքով Զմմառի մատենադարանի հավաքածուն հինգերորդն է: Ձեռագրերից բացի 1512-1800թթ. տպագրված մոտ 1100 անուն հնատիպ հայտնի գրքերից Զմմառի մատենադարանում խնամքով պահվում են 335-ը, ընդ որում՝ «Ուրբաթագրքի» (Վենետիկ 1512) հազվագյուտ օրինակներից մեկը, ինչպես նաև այնպիսի գրքեր, որոնց միակ օրինակը պահպանվել և գտնվում է հենց Զմմառի մատենադարանում:


Զմմառի հավաքածուի ձեռագրերը վերաբերում են հայկական միջնադարյան կյանքի, գիտության և մշակույթի բոլոր ասպարեզներին, դրանք արժեքավոր են նաև հարևան երկրների պատմությունն ուսումնասիրելու համար:


Զմմառի ձեռագրերի մեջ կան ուշ միջնադարի հայ ինքնուրույն և թարգմանական գրականության եզակի օրինակներ: Հավաքածուն հարուստ է նաև երաժշտական և բժշկական երկեր պարունակող ձեռագրերով: